Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 24 » Իրականությունը ծուռ հայելու մեջ
00:01
Իրականությունը ծուռ հայելու մեջ

 Այն, որ նոր՝ տասնհինգ թվականի առաջին օրերից հանրապետությունում ծավալված ծանր ու ողբերգական իրադարձությունները բացասական ազդեցություն են թողնում բոլորիս հոգեվիճակի վրա, գաղտնիք չէ։ Առանձնապես բարդ հոգեվիճակներ են ապրում սահմանամերձ բնակավայրերի մեր բնակիչները, ովքեր ամեն պահի հակառակորդի գնդակոծությանն են ականատես և միաժամանակ ամենուր մատուցվող շիլաշփոթ լրատվությունն են ունկնդրում։  Հատկապես համացանցը դարձել է ուռճեցված, խեղաթյուրված ու ստահոդ լուրերի անսպառ աղբյուր։ Գրում են՝ ով ինչ լսել է, առանց կշռադատելու, առանց վերլուծելու․․․ Էլ չեմ ասում առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, որովհետև այդ ամենը գիտակցողը ամեն պատահական խոսակցություն հրապարակ չէր նետի։ Իսկ արդյունքում՝ հասարակության շրջանում խուճապային տրամադրություններ են արթնանում, որոնց համար հաճախ իրական հիմքեր չկան։ Դրանց համար սոսկ պատճառ են դառնում համացանցում շրջանառվող, կասկածելին իրականի տեղ մատուցվող լուրերը։ Իսկ դա արդեն լուրջ մտածմունքի տեղիք է տալիս, որովհետև խուճապն ամենամեծ թշնամին է, ամենահզոր թշնամուց էլ զորեղ․․․

 Օրերս նման մի անհեթեթ պատմություն տեղի ունեցավ մեր տարածքում։ Հարևան Բաղանիս գյուղում  մի աշակերտ դպրոցի տարածքում  անծանոթ մարդու էր տեսել սև շորով․․․ Մեկ-երկու ժամ հետո ողջ շրջանում, մի քիչ ավելի ուշ՝ նաև ուրիշ մարզերում արդեն լուրեր էին տարածվել Բաղանիսի դպրոց ազերական դիվերսանտների ներթափանցման, որոշ աղբյուրների համաձայն՝ նրանց կողմից երեխա առևանգելու մասին․․․  Զանգեր են հնչում Հայաստանի տարբեր բնակավայրերից, հարցումներ, բացատրություններ և զարմանում ես, որ երբեմն քեզ չեն հավատում․․․ <<Ախր ասում են>>, <<ախր՝ ինտերնետում եմ կարդացել>>։ Քիչ հետո պարզվում է՝ մեր դպրոց էլ են <<դիվերսանտներ թափանցել>>․․․  Իսկ իրականում Բաղանիսի դպրոցի մի աշակերտ զուգարան գնալիս (այն դպրոցի շենքից դուրս է) մի սևազգեստ անծանոթի էր տեսել, այն էլ, կասսկածելի է, տեսել էր, թե մանկական երևակայության արդյունք էր․․․ Բայց արդեն դարձել էր հատկապես թուրք և այն էլ դիվերսանտ։  ԵՎ դա դեռ վերջը չէ։ Այսօր հանրապետության թերթերից մեկի ինտերնետային կայքում արդեն հոդված է զետեղվել այդ մասին և որ ցավալի է՝ հեղինակն այն աշխատում է ներկայացնել որպես լուրջ դեպք։ Ահա խնդրեմ մի հատված․ <<խոսակցություններ էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել,դպրոցահասակ երեխա է կորել: Հետո երեխայի անհետանալու մասին լուրը հերքվեց: Սակայն Բաղանիսում անծանոթի հայտնվելու մասին տեղեկությունը չի հերքվել: ․․․ >> <<Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը չի հավատում,որ Բաղանիսի դպրոցի մոտ ադրբեջանցի է հայտնվել,նա համագյուղացի երեխաների պատմածը համարում է նրանց վառ երեւակայության հետեւանք:>>  Չեմ ուզում անդրադառնալ հոդվածի մնացած մանրամասներին, որովհետև ինքս ակամայից կդառնամ նման լուրեր տարածողներից մեկը․․ Միան ավելացնեմ, որ հոդվածի ողջ բովանդակության մեջ հեղինակը փորձում է համոզել, որ դա անպայմանորեն եղել է։  Ցավալի է նաև, որ միայն նա չէ այդ տեսակետին։ Հոդվածի տակ միակ մեկնաբանության հեղինակը գրում է, <<Հետաքրքիր է թե ինչ տրամաբանությամբ է գյուղապետը կասկածի տակ վերցնում նշված հանգամանքը >>։ Ինձ թվում է՝ մեկնաբանություններն ավելորդ են․․ 

  Ավելացնեմ միայն, որ մինչ այդ միջադեպը, ամենալարված օրերին անգամ մեր դպրոցում չորս-հինգ աշակերտից ավել բացակա չենք ունեցել, սակայն միջադեպի հաջորդ օրը մոտ քսահինգ աշակերտ դպրոց չէր եկել․․․ 

 Վերջում կուզեի ավելացնել, որ ես կոչ չեմ անում անտարբերության։ Ապրելով սահմանի վրա՝ մենք բոլորս պարտավոր ենք խիստ աջալուրջ լինել, հատկապես դպրոցներում անծանոթ մարդկանց մուտքը պետք է խստորեն վերահսկվի, պետք է աչալուրջ լինել ամեն քայլափոխի։ Սակայն, դրանով հանդերձ, պետք է խիստ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերենք նման հարցերում մեր կողմից արտահայտվող կարծիքներին, իսկ հատկապես՝ հրապարակավ տարածվող լրատվության հանդեպ լինենք ավելի խստապահանջ։ Հիշենք, որ հեշտ է քարը ծովը նետելը, բայց շատ դժվար է դրանից գոյացած ալիքները չեզոքացնելը։

 

 

 

Դիտումներ: 936 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
1 Spam
1 abazyansergey • 01:33, 25.01.2015
Ամեն ինչ ճիշտ է, սակայն այսօր դժվար է կասեցնել համացանցային տխմարությունները։ Ինչպես ասում են՝ հազար բերան, հազար միտք ու տեսակետ։ Իսկ ավելի ցավալին այն է, որ ամեն ոք ուզում է առաջինը տարածել ականջի ծայրով լսած, իրողության հետ ոչ մի կապ չունեցող լուրը։ Համացանցը՝ համացանց։ Զարմանալին մամուլի ու հեռուստատեսության աշխատողների անպատասխանատվությունն է նման հարցերում, ովքեր, իրենց արհեստավարժ համարելով, այնուամենայնիվ թույլ են տալիս նման չճշտված լուրերի տարածում՝ առանց մտածելու հետևանքների մասին։
avatar
0
2 Har65 • 11:39, 25.01.2015
Այո, ցավալի է, բայց դա է իրականությունը․․․ Ու նաև ցավալի է, որ այդ հոդվածի և նմանատիպ մի շարք հոդվածների հեղինակը մեր նախկին գործընկերն է․․․ <<Ամեն ինչ հանուն սենսացիայի և անպայման՝ մութ ակնոցների հետևից․․․>> Սա է այսօրվա շատ <<լրագրողների>> նշանաբանը։
avatar