Լինում է նաև այսպես
Օրերս Ամանորյա հյուրասիրություն էր կազմակերպվել Ոսկեպարի դպրոցի ողջ աշակերտության համար։ Իրենց աշակերտներին գալիք Ամանորի կապակ- ցությամբ հյուրասիրում էին ուսուցիչները․․․ Երգ, պար, փոխադարձ շնորհավորանքներ․․․․ Ուրախ տոնական մթնոլորտ էր տիրում դպրոցում։
Առաջին հայացքից գուցե ոչինչ արտառոց չկար նախատոնական այս ուրախ միջոցառման մեջ, սակայն՝ դա միայն առաջին հայացքից․․․
«Գործով Թբիլիսի էի գնում, երբ ճամփեզրին պատահական աչքիս զարնեց «Ոսկեպար» մակագրությամբ ցուցանակը։ Լրատվամիջոցներից շատ էի լսել այդ գյուղի մասին, ասի մտնեմ, տեսնեմ», արդեն հետո հեռախոսով այդ մասին պատմեց մի Հայ մարդ։ Մտել էր դպրոց, թողել այցեքարտը։ Զանգեցի, ծանոթացանք, տեղեկացավ դպրոցից, նրա խնդիրներից։ «Ուզում եմ մի բանով օգտակար լինել Ձեր դպրոցին»։ Առաջարկեց Ամանօրյա հյուրասիրություն կազմակերպել դպրոցի կոլեկտիվի համար ու երկու օրվա մեջ խոսքը գործ դարձավ՝ անհրաժեշտ գումարն ուղարկեց դպրոց։ «Առայժմ այսքանն եմ կարող, հետո տեսնենք՝ էլի ի՞նչ կարող ենք անել», ասես նեղվում էր, որ ավելին չի անում։ «Իսկ ինչպե՞ս Ձեզ ներկայացնեմ կոլեկտիվին», հարցնում եմ մեր անծանոթ բարեկամին․․․ «Կարիք չկա, մեծ բան չի արածս»։ Իսկ ես ապշում եմ մարդու համեստությունից։ Ախր բարեգործներ էլի ենք տեսել։ Գալիս են, մի երկու գնդակ բերում կամ մի քանի նվեր երեխաների համար, մի էդքան էլ լրագրող։ Նկարում, նկարվում, գովում, գովվում, մի քանի անգամ եթեր արձակում․․․․ Իսկ մեր խորհրդավոր անծանոթ բարեկամից ընդամենն իմանում եմ՝ երևանցի եմ, Մոնումենտից և անուն ազգանունն էլ այցեքարտից՝ Սամվել Մովսիսյան․․․
Իսկ հիմա ասեք՝ արտառոց չէ՞ր մեր դպրոցի երեխաների համար կազմակերպված Ամանորյա հյուրասիրությունը։ Լինում է նաև այսպես, երբ բարերարը իսկական Հայ մարդն է։
|