Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 27 » Գիտելիքի օրը Ոսկեպարի դպրոցում
21:50
Գիտելիքի օրը Ոսկեպարի դպրոցում
Հեղինակ՝ Մարիամ Լեւինա
Ոսկեպար գյուղից 6-ամյա Հրաչյան առաջին անգամ է դպրոց գնում։ Նրա քույրը՝ Մանեն, արդեն 10 տարեկան է, չորրորդ դասարանում է սովորում։ Տոնական եւ ուրախ տրամադրությամբ ոսկեպարցի երեխաները մասնակցում են սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը։
«Այսօր գիտելիքի օրն է։ Եվ դուք, երեխանե՛ր, կիմանաք, թե ինչ բան է գիտելիքը, ինչ կարող է այն տալ մարդուն»,- հանդիսավոր արարողության ժամանակ աշակերտներին դիմեց դպրոցի տնօրեն Հարութ Ալավերդյանը։ Երեխաներին բարձր առաջադիմություն ու խաղաղություն մաղթելով՝ տնօրենն առաջարկեց ծափերով դիմավորել չորս փոքրիկների՝ առաջին դասարանցիներին։ «Բարի գալուստ։ Թող խաղաղության տարի լինի»,- հավելեց տնօրենը։
 
Սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցում 60 երեխա է սովորում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հարութ Ալավերդյանն ասաց, որ գյուղում դպրոց կա անցյալ դարի 20-ական թվականներից։ Նախ այն եղել է անգրագիտության վերացման կենտրոն։ 1930 թվականին գյուղի կենտրոնում կառուցվել է առաջին դպրոցի շենքը, իսկ գործող շինությունը շահագործման է հանձնվել 1982 թվականին։ Տարբեր տարիներին դպրոցում աշակերտների թիվը տարբեր է եղել։ 80-ականերին դպրոցը շուրջ 230-250 շրջանավարտ է ունեցել։ Այս տարի շրջանավարտները 9-ն էին։
 
Արցախյան պատերազմի տարիներին դպրոցն անմիջականորեն կրակի թիրախում է հայտնվել եւ շատ է տուժել։ Այժմ դպրոցի շենքը հակառակորդի կողմից երեւում է, չնայած վերջերս գնդակոծության լուրջ դեպքեր չեն գրանցվել, նշեց տնօրենը։ Նրա խոսքով՝ գյուղը պարբերաբար գնդակոծվում է։ 2014 թվականից հետո, երբ հակառակորդը ականանետներ ու «ԴՇԿ» կիրառեց դպրոցի ուղղությամբ, խոշոր միջադեպեր չեն գրանցվել, հավելեց Հարութ Ալավերդյանը։
 
«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից դպրոցին կից բացվել է նախապատրաստական բաժինը՝ զրո դասարան, որտեղ կսովորեն 5 տարեկան 11 երեխաներ։ Սա հույս է ներշնչում»,- նկատեց Հարութ Ալավերդյանը։
 
Դպրոցում գործում են բոլոր դասարանները, սակայն դասարանների միավորման խնդիր կա։ Աշակերտների փոքր թվի պատճառով որոշ դասարաններ միավորվել են, սակայն հիմնական առարկաների պարապմունքներն առանձին են անցկացվում։ Մասնագետների պակաս դպրոցն առանձնապես չունի։ Սակայն խնդիր կա՝ պոտենցիալ ուսուցիչներին օրենքի առաջադրած պահանջների հետ կապված։
 
«Սահմանամերձ գյուղերի դպրոցները հատուկ առաքելություն ունեն՝ պաշտպանել հայրենիքի սահմանները»,- գործընկերներին հիշեցրեց մանկավարժ Զոյա Պապյանը։
  
  
 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դիտումներ: 701 | Ավելացրեց: Har65 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar