Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 21 » Հարգանքի տուրք ուսուցչին
18:48
Հարգանքի տուրք ուսուցչին
 Օրերս մարդաշատ էր Ոսկեպարի դպրոցի բակը։ Հյուրերի, համագյուղացիների, դպրոցի կոլեկտիվի ու ծնողների ներկայությամբ դպրոցի աշակերտները հանդիսավոր տողանի էին կանգնել դպրոցի և համայնքի համար մի շատ կարևոր ու խորհրդսանշական իրադարձության կապակցությամբ։ Իրադարձություն, որն իր էությամբ դաստիարակչական բնույթ ուներ մատաղ սերնդի համար և երախտագիտության դրսևորման իմաստ բոլոր ներկաների համար։                              
 Վերջերս համայնքի ու դպրոցի մանկավարժական կոլեկտիվի առաջարկությամբ Տավուշի մարզպետի որոշումով Ոսկեպարի միջնակարգ դպրոցն անվանակոչվել էր դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Հախվերդի Փարսադանի Բարսեղյանի անունով։ Հ.Բարսեղյանը 1951թ.-ից մինչև 1983թ. աշխատել է Ոսկեպարի դպրոցում որպես ուսուցիչ, 1966-ից 1982թ.թ. ղեկավարել է դպրոցը, 1983 թվականին, 55 տարեկան հասակում, անժամանակ հեռացել է կյանքից՝ հասարակության հիշողության մեջ մնալով որպես արժանավոր մանկավարժ և ուսուցչապետ: Մի մարդ, որն իր  ողջ գիտակից կյանքը նվիրաբերել էր Ոսկեպար գյուղի դպրոցաշինության գործին, որը մինչև իր կյանքի վերջին օրը ծառայել էր  դպրության սրբազան գործին…  Երեք տասնամյակից ավել գյողի դպրոցին ու սերունդներին ծառայած մարդը կյանքից հեռացել էր մատյանը ձեռքին՝ դեռևս մատյանի վերջին գրանցման թանաքը չչորացած: Չնայած՝ նա դեռ էլի երկար կարող էր ծառայել այդ նվիրական գործին, բայց այդպիսին էր նախախնամության կամքը: Ուստի ներկաները, այդ վաստակաշատ մարդու հիշատակի հանդեպ հարգանքով լի հավաքվել էին նշելու դպրոցի ու համայնքի համար նշանակալից այդ իրադարձությունը։  
 Դպրոցի կոլեկտիվին ու համայնքի բնակիչներին այդ իրադարձության կապակցությամբ շնորհավորելու էր եկել բարձրաստիճան հյուրեր, անվանի ոսկեպարցիներ, երջանկահիշատակ Հ․Բարսեղյանին ճանաչած մարդիկ։ Նմանօրինակ իրադարձության կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում անշուշտ մեծ է։ 
 Այսօր անհրաժեշտություն է դարձել մանկավարժի դերի կարևորումը մեր հասարակության մեջ և դրա լավագույն դրսևորումներից մեկը մեր վաստակաշատ, արժանավոր մանկավարժների  ըստ արժանվույն գնահատումն է, նրանց անմնացորդ նվիրումի հատուցումը իրենց գործի ու վաստակի, նրանց անվան հավերժացմամբ։ 
  Ելույթ ունեցողները իրենց խոսքում շեշտեցին Ոսկեպարի դպրոցի կայացման գործում Հ. Բարսեղյանի տասնամյակների ընթացքում ունեցած մեծ ներդրումը, նրա՝ որպես մարդու, գործընկերոջ և ղեկավարի մեծ մանկավարժին վայել արժանիքները։
    Անվանակոչության արարողությունը շարունակվեց դպրոցի փոքր դահլիճում, որտեղ դպրոցի աշակերտների ուժերով ներկայացված գրական – երաժշտական կոմպոզիցիան մինչև հոգու խորքը հուզեց ներկաներին: Նրանց մանկական շուրթերից հնչած երգն ու ասմունքը երախտիքի լավագույն արտահայտությունն էր կրթական գործի բոլոր նվիրյալների հանդեպ։
Հ․Ալավերդյան
Լուսանկարները՝ Ե․Պետրոսյանի
Դիտումներ: 1172 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Ոսկեպար, Հ․Բարսեղյան | - Վարկանիշ -: 4.0/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar