Մայրամուտին արևի վերջին շողերը հրդեհել են երկինքն ու երկիրը։ Աննման տեսարան է։ Ամեն օր չէ, որ բնությունը նման հրաշալի պատկերներ է նկարում սովորական մահկանացուներիս համար։ Եվ մեզ մնում է նման դեպքերում առիթը բաց չթողնել և հիանալ բնության հրաշքներով․․․ Մեր նախնիները ևս երևի դարեր շարունակ հիացել են նման տեսարաններով, որովհետև մեզնից պակաս ռոմանտիկ չեն եղել, սակայն նրանք կարողացել են նաև բնության նման երևույթներից գործնական օգուտ քաղել։ Մենք էլ նրանցից սովորելով՝ նման դեպքերում գիտենք, որ վաղը պայծառ, արևոտ օր է լինելու։
Բայց այսօր դա արդեն քիչ է թվում, այսօր արդեն մեզ պետք է նաև կարողանալ գուշակել՝ իսկ արշալույսը խաղա՞ղ կլինի։ Ոչ մեր նախնիների դարավոր փորձն ու իմաստնությունը և ոչ էլ ժամանակակից գերտեխնոլոգիաները ի զորու չեն դա գուշակելու, որովհետև գործ ունենք նենգ ու անբարո, անկանխատեսելի ու անվստահելի հակառակորդի հետ․․․ Ուստի ամեն անգամ, անկողին մտնելուց առաջ, ինքներս մեզ ակամայից հարց ենք տալիս՝ իսկ արշալույսը խաղա՞ղ կլինի։
Շատ էլ երկար ժամանակ չի անցել օգոստոսյան լարվածությունից հետո ու հեռվից թվում է, թե այստեղ ամեն ինչ արդեն կարգին է։ Ցավալի է․ բայց փաստ, որ արդեն մեկ- երկու ականի պայթյունը, գրեթե ամեն օր հնչող մեկ-երկու կրակահերթերը մեզ համար արդեն վաղուց սովորական են դարձել, բթացրել են մեր զգոնությունը և դրսից մեզ հարցնող ընկեր-բարեկամների հարցումներին էլ պատասխանում ենք՝ ամեն ինչ նորմալ է․․․ Գուցե ճիշտը դա է և պետք էլ չէ <<լաց ու կոծ>> անել չնչին բաների համար․․․ Գուցե՜։ Բայց ակամայից ըմբաստանում ես ինքդ քո դեմ, երբ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ սահմաններ ժամանած ամենատարբեր մակարդակի պաշտոնյաները <<սարեր>> էին խոստանում սահմանի վրա կրակի տակ երեխա մեծացնող մարդկանց, իսկ այսօր ոչ միայն չեն նկատում դեռևս շարունակվող լարվածությունը, այլ խոստումներն էլ մոռացել են Դիլիջանի վերևում՝ թունելի տակ։
Վերջերս <<անսահման>> ուրախությամբ իմացանք, որ կառավարությունը վերջապես որոշում է ընդունել սահմանամերձ 48 համայնքներում բիզնես ձեռնարկողներին հարկային արտոնություններ տալու մասին։ Ուրեմն որոշված է՝ գործարար ենք դառնալու, որպեսզի կարողանանք թեթևացնել մեր դժվար ապրելակերպը․․․ Բացատրելու կարիք չկա, թե ինչքանով կթեթևացնի սահմանի բնակիչների հոգսը այդ արտոնությունը, քանզի գործարարներն արդեն սահմանից <<յոթ սար>> հեռացել են և մեզ էլ հեռվից ձեռքով են անում․․․ Վախենամ թե՝ սահմանի բնակավայրերը դառնան լոկ հասցեներ դրսի գործարարների համար, որովհետև դրսից եկող գործարարը մի քանի կրակահերթից հետո միայն հասցեն է իր հետ տանելու։ Չնայած՝ շտապելու կարիք դեռ չկա, գուցե այդ 48- ի շարքում մենք չկանք էլ․․․
Ուստի մեզ մնում է միայն զինվել լավատեսությամբ ու հավաքել մեր շուրջն ընկնող այս պայթած ու չպայթած գնդակները։ Հիշատակ է, թող մնա, որ եկողներն իմանան․․․
|