Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 14 » Կեսգիշերային մտորումներ
20:34
Կեսգիշերային մտորումներ
                                   Կեսգիշերային մտորումներ
 
Ձմռան խաղաղ գիշեր էր, սքանչելի գիշեր։ Առաջին ձյունն էր տեղում ուղիղ կեսգիշերին։
Մի փոքրիկ բարձունքի վրա, ավերակների մեջ միայնակ ու տխուր կանգնած էր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մթության մեջ, ձյան ճերմակ համայնապատ-կերի վրա հեռվից երևում էր նրա սև ուրվագիծը։ Մի կողմում թշնամին էր, մյուս կողմում՝ իր սիրելի գյուղը՝ փռված գեղատեսիլ Կատարքա սարի փեշին։ Թե քանի դար է անցկացրել այդպես, ոչ ոք չի հիշում, բոլորը հիշում են նրան հենց այդպես՝ վեհ ու գեղեցիկ։ Կանգնած էր հպարտ ու իր մենության մեջ անքուն ժամապահի նման հսկում էր գյուղն ու Ոսկեպար գետի հովիտը։ 
Փաթիլներն իջնում էին թե՜թև, թե՜թև, ասես անհունից երազ էր թափվում, հեռավոր աստղերի կարոտն էր թափվում ձյունիկների տեսքով, թափվում դողացող ուսերին, սառած թարթիչներին, ու հպվելով տաք շորթերին դառնում էին թաց համբույրներ․․Սակայն այս գիշեր անչափ տխուր էր գեղեցկուհին, չէր լսում կանչերը հեռավոր, չէր զգում համբույրը ձյունի, թախիծը խեղդում էր կոկորդը, ու այնպես լացել էր ուզում․․․
Վաղուց խունացած պատերի ներսում խունկ չէր ծխացել, մոմեր չէին վառել, ունկերին աղոթքի շշուկներ չէին հասել, և ինքը այլէս չի կարողանում նրանց հեռավոր աղոթքները հասցնել Աստծուն։ Երկու օր առաջ էլ նոր եկեղեցում մկրտություն կատարեցին ու ինքն արտասվեց միայնությունից ու անտարբերությունից։ Իր ականջին հիմա գնդակների սուլոցներ են միայն։ Երեկ պայծառ աստղերն էին շողում, և ինքը, հմայված հեռավոր աստղերով, զրույցի էր բռնվել անհունի հետ․․․որ մոռացնել էր տալիս դաժան իրականությունը։ 
Բայց այսօր, այսօր ուրիշ էր, այսօր հոգին լի էր ափեափ, անսովոր զգացումներից կտոր- կտոր է լինում սիրտը, թախիծը խեղդում էր կոկորդը, և այնպես լացել էր ուզում․․․
Նա փակեց սառած կոպերը, և հուշերն առան տարան իրենց թևերին դեպի այն հեռավոր, ասպետական ժամանակները, երբ այս տարածքում իշխում էին Զաքարյան իշխանները։ Այսօրվա պես հիշում է նրանց ազնական կերպարները։ Ա՛յ, հենց այստեղ՝ այս փոքրիկ հովտում վրան զարկեցին։ Բերդաքաղաքից էին գալիս, գնացել էին բերդերի անառիկությունն ստուգելու, դիրքերն ուսումնասիրելու, իր համար էլ մի գեղեցիկ ձեռագիր մատյան էին նվեր բերել՝ Դեղձնուտի վանքում ձեռագրված Վարդան վանականի կողմից։ Երանելի օրեր էին, դե ինքն էլ երիտասարդ էր, շքեղ ու գեղեցիկ․․․Հո այսպես անպաճույճ չէր, պատերը զարդարված էին որմնանկարներով։ Սակայն մի դաժան գիշեր եկան հրոսակներն ու ամեն ինչ հրո ճարակ դարձրին։ Դա պատահեց նույնքան գեղեցիկ մի գիշեր։ Այդ ահասարսուռ գիշերը հիշելուց բզիկ-բզիկ եղան մազերը, ուզեց ճչալ աղաղակել․․․Բայց ամայության մեջ ո՞վ կլսեր իր ձայնը։ Դա դեռ ամենը չէր․ զորքն անցնում էր ա՜յ այն ձորով, Դեպի Գագ ամրոցն էին գնում և իրենց հետ տանում էին նաև շղթայակապ Կիրակոս Գանձակեցուն ․․․
Դառը հուշերը դարձյալ տիրեցին։ Նա թեթև սարսուռ զգաց, կծկվեց ու փակեց սառած աչքերը, որ արցունքները դուրս չհորդեն․․․Բայց կոպերի ներքո ծովեր դողացին ու․․․ Փշրվեցին հայելիները իր ծովակների․․․ 
Չգիտես որտեղից մի անուշ, բայց թախծոտ մեղեդի եկավ ու թառեց շուրթերին։ Բառերն այրում էին շուրթերը, բառերը բառեր չէին, նրանք կարոտ էին ու մորմոք։ Իսկ մեղեդին դողդողում էր, թրթռում ցրտաշունչ ձմռան շնչից․․․ Դա Մշո օրորն էր։
Երգը քաղցր էր որպես օրոր, որպես մայրական սիրո արտահայտություն, բայց այդ քաղցրության մեջ մի սրտամորմոք թախիծ կար, պատմակա՛ն թախիծ, հայկակա՛ն թախիծ՝ սիրտը մաշող ու հոգին կեղեքող․․․ 

Հույսից կերտված մեր սրտերից, 
Լույսից պոկված արցունքներից 
Վանա ծովը մի օր կբարձրանա 
Ու կփակի կրծքով օտարի շունչն անգութ, 
Հիշի՛ր, բալե՛ս, քնի՛ր օրոր օրոր: 

-Տեսնես կա՞ աշխարհում այսքան թախծոտ մի երգ, որ մանկանը օրոր ասելիս անգամ հիշեցնեն պատմական իրողությունը,- մտորում էր տխուր, ականջը՝ սահմանի ձայներին։

Փոքրիկ, լուսե երազներով, 
Երգերիս անուշ շշուկներով, 
Կմեծանաս մի օր ու կտեսնես 
Քո հայրենիքն անհուն և քո ջրերն ասուն, 
Հիշի՛ր, բալե՛ս, քնի՛ր օրոր օրոր: 

-Հիշի՛ր, բալե՛ս, քնի՛ր , օրո՜ր, օրո՜ր․․․
Հենց այդ պահին գիշերային անդորրը թնդաց թշնամու կրակահերթից, և քիչ էր մնում կպչեր խաչին։ Նա կծկվեց սրդողած ու անօգնական շուրջը նայեց․․․Չէ՜, չկարծեք, թե վախեցավ, պարզապես․․․Պարզապես այսօր շա՜տ է հուզված ու սիրտը բարակել է մի քիչ․․․
Դեմը ձորակն էր՝ նման բաց վերքի, և ձյան փաթիլները սառն ու անտարբեր իջնում էին, իջնում․․․Բայց Մշո օրորը չէր լքում նրան, Մշո օրորը դողում էր շուրթերին, որպես մայրական աղոթք, որպես անանձնական աղոթք, որպես համազգային աղոթք․․․
Իսկ քունքերը զարկում էին տենդագին ռիթմով՝ արյան ամեն մղումի հետ հուշելով՝ հիշի՛ր, հիշի՛ր, հիշիր․․․
-Հիշի՛ր, բալես, հիշի՛ր, քնի՛ր, օրո՜ր, օրոր․․․
Երգի վերջին ելևէջի հետ մի խուլ հառաչանք պոկվեց սրտից ու խառնվեց աշխարհի անթի՜վ, անհամար հառաչանքներին, որ այնպես ագահորեն կլանում էր գիշերվա խավարը․․․/ Ն․ Ա /
Դիտումներ: 835 | Ավելացրեց: Nike2 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar