Դժվար է ասել՝ մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը մեկնումեկը կհիշի՞ Տավուշի մարզի՝ 4-րդ դարում հիմնադրված հայկական Ոսկեպար գյուղի մասին: 1991 թ. մայիսի 6-ին այս գյուղի անունը հայտնի դարձավ ոչ միայն Խորհրդային Միության ամբողջ տարածքում, այլև ամբողջ աշխարհում: Այդ օրը խորհրդային զորքի՝ Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի ստորաբաժանումները գործի դնելով ռազմական ուղղաթիռները, զրահամեքենաները և ծանր հրետանին, մտադիր էին ոչնչացնել այն ժամանակ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին պատկանող Ոսկեպար գյուղը: Բայց դա նրանց չհաջողվեց: Գյուղի պաշտպանության համար ոտքի կանգնեցին ինքնապաշտպանական ջոկատների ազատամարտիկները և ՌԴ Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբադը:
Մայիսի 6-ի վաղ առավոտյան մի խումբ հայ ոստիկաններ ավտոբուսով և «Նիվա» մակնիշի մեքենայով դուրս եկան Նոյեմբերյանից և մեկնեցին՝ փոխարինելու իրենց հերթապահող ընկերներին: Դեպի լեռներ տանող ճանապարհին, ի դեպ, դարձյալ հայկական տարածքում, նրանք հայտնվեցին դարանում, որը սարքված էր ռազմական արվեստի բոլոր կանոններին համապատասխան: Ոսկեպարից 20 կմ հեռավարությունից նրանց վրա դիմացից կրակ բացեցին: 14 ոստիկան սպանվեց, 10-ին խորհրդային բարեխիղճ դեսանտայինները հանձնեցին Ադրբեջանին, չնայած տարածքը, հիշեցնենք, Հայաստանի սահմաններում էր գտնվում: Հետո զինվորականները կատարվածը բացատրեցին նրանով, իբր իրենք ոստիկանության աշխատակիցներին զինված գրոհայինների հետ էին շփոթել: Իհարկե, այդ բացատրությանը ոչ ոք չհավատաց: Գրեթե բոլոր ոստիկանները համազգեստով էին:
Գյուղը շրջապատված էր զորքերով և ադրբեջանական օմօնականներով, որոնք գրեթե անդադար կրակ էին բացում խաղաղ բնակիչների տների վրա: Ի դեպ այդ վայրագ պատահարի օրը Ոսկեպարը լիակատար ոչնչացումից փրկելու նպատակով ոստիկանության 29 աշխատակիցներ որոշեցին պարզապես հանձնվել: Գերիների առաջին խմբին հաջողվեց ազատել միայն մեկուկես ամիս անց: Երկրորդին՝ երկու ամիս անց: Իսկ հինգ հայեր ադրբեջանցիների գերության մեջ մնացին 40 օր...
Ադրբեջանցիները, որոնց սատարում էին խորհրդային զորքերը, վստահ էին, որ հեշտությամբ կգրավեն Ոսկեպարը, չէ՞ որ գյուղը գտնվում էր Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին Հասկեպար և Վերին Հասկեպար գյուղերի միջև: Բայց գյուղացիները կարողացան պաշտպանել իրենց տները:
Ոսկեպարի պաշտպանության մասնակիցներից մեկը՝ Հենզել Գրիգորյանը, ասում է, որ այսօր արդեն իրեն զենք պետք չէ՝ հայկական սահմանը բանակը հուսալիորեն պաշտպանում է:
«Դժվար ժամանակներ էին, հիշում է նախկին ազատամարտիկը:Երբեմն թվում էր, թե էլի մի քիչ, և գյուղը կհանձնվի: Բայց մարդիկ դիմադրեցին: Մենք գիտեինք, որ եթե գյուղը թողնենք՝ հակառակորդը տասնյակ կիլոմետրեր կխորանա մեր տարածքում: Եթե նման բան պատահեր՝ մենք դժվար թե երբևէ կարողանայինք վերադառնալ մեր տները»:
Հիմա գյուղում ապրում է 1 100-ից ավելի մարդ: Մինչպատ երազմյան ժամանակների հետ համեմատելով ասենք, որ այդ թիվը բավականին լրջորեն փոխվել է՝ այն ժամանակ այստեղ ապրում էր մոտավորապես 1 650 մարդ: Ոմանք չդիմացան պատերազմական վիճակով պայմանավորված դժվարություններին, մյուսներն էլ մեկնեցին ավելի լավ կյանք որոնելու... Հիմնականում մեկնեցին նրանք, ովքեր այսօր պետք է համայնքի միջուկը լինեին:
Բայց գյուղն ապրում է, և նրանք, ովքեր մնացել են, մտադիր չեն լքել հարազատ վայերը: Այստեղ կա դպրոց, որտեղ սովորում է 102 աշակետ: Եվ չնայած սա իրականում քիչ չէ փոքր գյուղի համար, բայց մինչև պատերազմը, ինչպես հիշում է գյուղապետ Հրուշ Աղբալյանը, նախկինում եռակի շատ երեխաներ էին սովորում:
Գազ դեռ չկա, բայց խոստացել են այս տարի անցկացնել: Կա ջուր՝ թե խմելու, թե ոռոգման, միայն թե վերջինիս համար դեռ պետք է ներքին համակարգ կառուցել: Ճանապարհը լավն է: Վերանորոգված են ակումբները, փոստը, բուժկետը, աշխատում են մի քանի խանութներ: Նախատեսում են գյուղի գլխավոր փողոցում լուսավորություն անցկացնել և վերջապես տեղական աշխատակազմի համար նոր շենք կառուցել. հինը վթարային վիճակում է, վերանորոգման ենթակա չէ:
Ոսկեպարցի Սարգիս Պապյանի միջոցներով կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին, գավիթում խաչքար է տեղադրվել: Ինչ վերաբերում է 7-րդ դարասկզբին կառուցված Սուրբ Աստվածամոր եկեղեցուն, այն պատերազմական տարիներին հաջողվել է պահպանել: Այնտեղ ամրացել էին այն ադրբեջանցիները, ովքեր գիտեին, որ հայերն իրենց եկեղեցու վրա կրակ չեն բացի: Եվ չնայած այն տեղադրված է անմիջապես կրակի գծի վրա՝ մարդիկ կարող են հանգիստ այցելել, որովհետև եկեղեցու անմիջական հարևանությամբ գտնվող հայկական դիրքերն ապահովում են գյուղացիների անվտանգությունը:
Մարդիկ մեծ հույսեր են փայփայում, որ տարբեր պատճառներով հեռացած ոսկեպարցիները դեռ կվերադառնան և կավարտեն իրենց տների շինարարությունը, նաև կվերականգնեն պատերազմի տարիներին ավերված տները: Չէ՞ որ որքան էլ պատերազմը երկար տևի՝ միշտ էլ գալիս է խաղաղության ժամանակը: