Ոսկեպարը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ոսկեպար անունն ըստ որոշ աղբյուրների հիշատակվում է չորրորդ դարից։ Այդ նույն անունն են կրում հովտով հոսող գետը և հովիտը եզերող լեռնաշղթան։ Ոսկեպարը եղել է Ոսկեպար գետի ողջ հովիտն ընդգրկող Կանգարք գավառի կենտրոնը։

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 12 » <<Պայթած>> ականջով մարդը
01:30
<<Պայթած>> ականջով մարդը
Ճամփորդական ու ոչ ճամփորդական խոհեր
 
<<Պայթած>> ականջով մարդը
 
   Գործով Երևան պետք է գնայի։ Գյուղի մոտ մի դատարկ տաքսի հանդիպեց։ Ուղևոր էր բերել շրջկենտրոն, հիմի էլ՝ դատարկ հետ էր գնում, ես էլ դարձա նրա միակ ուղևորը․․․ Զրուցելու ցանկություն չունեի։ Դե՝ ճանապարհային այդ խոսակցությունները վարորդների հետ միշտ չէ, որ քո ուզած հունով են գնում։ Էլ չեմ ասում՝ մեկ -մեկ էլ   փոշմանում ես անծանոթ մարդու հետ զրույց ծավալելուց հետո։ Բայց, ինչպես երևում  էր, վարորդի հեչ պետքն էլ  չէր՝ ուզում ես խոսե՞լ, թե՝ չէ՛, նրան ճանապարհը կարճելու համար զրուցակից էր պետք ու դեռ  կարգին ընթացք չվերցրած՝ հարցրեց․
 
 - Էս ո՞ր գյուղն էր։
 
- Ոսկեպարը՝ նախկին Նոյեմբերյանի շրջանի գյուղերից է,- պատասխանեցի։
 
- Էդ որ շատ կռիվ-մռիվ կար, հո ըստե՞ղ չէր։
 
- Էստեղ էր,- կարճ կապեցի։
 
- Հա՜։ Ըստեղ շատ եմ եղել էն կռիոների ժամանակ,- ասում է վարորդը, որի անունը հիմա արդեն չեմ հիշում ու մի պահ մտորելուց հետո ավելացնում,-  Թուրքերի դիրքերը ա՜յ ընդեղ էին՝ էն սարի վրա ․․․ Ո՜նց էին դլխներիս կրակ թափում ընդեղից,-  Ու ձեռքը մեկնում է դեպի գյուղի թիկունքի Կատարքա սարը։ 
 
   Ուզում եմ ասեմ՝ եղբայր, թուրքի դիրքերը հակառակ կողմում էին, բայց մտածում եմ՝ ամոթ է, մարդը հո սուտ չի պատմում։ Երկար ժամանակ է անցել, երևի տեղանքը մոռացել  է։  Նա   նկատում է դեմքիս տարակուսանքը և ավելացնում․
 
    - Դու ջահել ես երևում, երևի դժվար հիշես։
 
   - Հա,- անսպասելիությունից կարճ եմ կապում։ Դե՝ կռիվներով  քսանհինգ- երեսուն տարեկան հազիվ կլինեի։ Էդ մեկն ասում եմ մտքիս մեջ։ Դե մարդ է, վատ կզգա, իր մեջ կնեղանա։ Քիչ չէ ճամփից վերցրել է, հիմի էլ մարդուն ասեմ՝ ճիշտ չէս ասում․․․ Մինչ ես մտածում եմ ինչպես առանց նեղացնելու հասկացնեմ, որ իր ասածներն էնքան էլ ճիշտ չեն՝ նա արդեն մի <<լայնածավալ>> պատմություն է սկսում իրենց ջոկատի և իր <<մեծածավալ>> մարտական գործողությունների մասին, որոնց թատերաբեմը մեր գյուղն է, թշնամին <<ամրացել>> է մեր թև  ու թիկունք Կտարքա սարի վրա ու կրակ է տեղում մեր գլխին․․․  
 
  Կոկորդս մաքրում եմ, որ մի երկու խոսքով զրուցակցիս մարտական գործողությունների ուղղությունը փոխեմ դեպի հակառակորդի իրական ուղությունը, սակայն, զրուցակիցս, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ մենախոսողը, զգալով վտանգը, ձեռքով լռելու հրահանգ է տալիս․
 
 - Սպասիր, ամենահետաքրքիր տեղին եմ հասել,- շարունակում է ոգևորությամբ պատմել,- մեր տղեքով վրա ենք տալիս թուրքի դիրքերի վրա, մեկ էլ սրանք սկսեցին պուշկեքով կրակել․․․ Այ հիմի որ ասեմ՝ չէս հավատալու․ մի անտեր արկ <<վզզալով>> եկավ ու ինձանից զուտ երկու մետրի վրա պայթեց։ Որ չգմփա՜ց, ոնց որ մի գերան էս ականջովս մտնի  ու էս մեկով դուրս գա։ 
 
  Ու ձեռքով ցույց է տալիս ձախ ականջը։ <<Խե՛ղճ տղա,- մտածում եմ,- երևում է կոնտուզիա է տարել>>։
 
 - Դրանից հետո էս ականջս  չի լսում, բա՜...,- շարունակում է պատմել։ Իսկ ես արդեն չեմ լսում նրան։ Մտովի վերադարձել եմ էն դաժան ու ծանր օրերը, որոնց մասին մեր ժողովուրդն ասում է՝ << Գնան ու էլ  հետ չգան․․․>>  
 
   Չեմ էլ նկատում, թե ինչպես ենք Սևան հասնում։ Վարորդն արգելակում է մի ձկնավաճառի կրպակի մոտ։
 
- Երեխեքի համար մի քիչ ձուկ առնենք,- ասում է առանց պատասխսնի ակնկալիքի և իջնում մեքենայից։ Քիչ անց վերադառնում է՝ ձեռքին մի տոպրակ։ Տեղավորում է բեռնախցում և առաջ  ենք ընթանում դեպի Երևան:
 
- Մի երկու կիլո ,,կարասիկ,, վերցրի, երեխեքը շատ են սիրում,- տեղեկացնում է․․․ Հետո վերցնում է բջջային հեռախոսը,   զանգում ինչ-որ մեկին ու մոտեցնում հենց ,,պայթած,, ականջին։ <<խեղճ տղա, երևի մոռացել է, որ էդ ականջը չի լսում։ Դե՝ ստիպված կփոխի, մյուս ականջին կմոտեցնի>>, մտածում եմ ակամայից․․․  Բայց չէ, հեռախոսի դիրքը չի փոխում, դեռ հլա սկսում է խոսել.
 
- Կնի՜կ, ձուկ եմ առել, ձու՜կ, երեխեքին ասա ձուկ ենք ուտելու․․․ 
 
  <<Կարող է՞ էս մի ականջը չէր լսում։ Կարող է՝ շփոթու՛մ եմ։ Բայց՝ չէ-է՜, պատուհանի կողմի ականջն էր>>։ Մինչ ես տարակուսանքից ինքս ինձ <<ուտում>> եմ, նա երկրորդ հեռախոսհամարն է հավաքում․
 
- Քուրը՜ս, երեխեքին վերցրու, արի մեր տուն։ Ձու՛կ ենք ուտելու․․․ 
 
  Ու շարունակում է զանգերը հեռու- մոտիկներին՝ <<Ձու՛կ ենք ուտելու>>։ Երևի հաջորդ օրվա ձկան <<ոտ ու գլխի խաշի պատվերներ էլ է տալիս․․․>>։ Բայց ես խոսակցությունն էլ չեմ լսում։ Աչքս անընդհատ նրա հեռախոսին է ու <<պայթած>> ականջին։ <<Կարո՞ղ է խեղճ մարդն ինքն իրեն է խոսում >>, մտածում եմ, բայց չէ-է՜, ոնց-որ զրուցակիցների ձայներն էլ եմ լսում։ 
 
- Ախպերս, կարող է՞ ուզում  ես տեղ- մեղ զանգես,- ասում է՝ անսպասելիորեն շրջվելով իմ կողմը,- թե հեռախոս չունես՝ տամ, զանգիր։        
  Անխոս փախցնում եմ հայացքս ու նայում մեքենայից դուրս․․․ Նայում եմ մեքենայի ընթացքով <<հետ փախչող>> ծառ ու թփերին և մտքումս լուտանք թափում նրանց գլխին՝ << Տո դու՜ք ինչի եք ծուռ ու մուռ աճել, հը՞, չէիք կարո՞ղ ուղիղ աճել, որ մարդու նյարդերի վրա չազդեք․․․>>։
 
   Չեմ հիշում թե ինչպես՝ բայց մի կերպ հասնում ենք մայրաքաղաք․․․ 
 
   Մեկ- երկու տարի անց սկսեց ձախ ականջս ցավալ։ Սրա՛ն ի՞նչ պատահեց։ Ես հո գիտեմ, որ իմ ականջի <<տակ>> ական չի պայթել․․․ Բայց հլա սպասեք՝ իսկ հնարավո՞ր  է կռիվների հետևանքով է, կամ էլ՝ կարո՞ղ է ինչ-որ ական է մոտիկ պայթել, չեմ զգացել․․ Չգնա՞մ մեր զինկոմի մոտ, դիմում գրեմ, թղթեր սարքեմ, վիրավոր ազատամարտիկի վկայական հանեմ․․․ Մեկ է՝ այսօր այնքան ազտամարտիկի վկայական ունեցող  կա, որ իսկի էդքան մարդ չկա Հայաստանում։
 
Հ․Ալավերդյան
 
   
Դիտումներ: 907 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: Պայթած ականջով մարդը | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 Spam
1 abazyansergey • 11:30, 06.02.2016
Շատ լավն էր, Հարություն։ biggrin
avatar